Ամեն պոետ գալիս` իր հետ մի անտես նետ է բերում,
Եվ նետն առած, խոհակալած ՝ որս է անում երգերում.
Բայց դառնում է պոետ նա մեծ ոչ թե նետի՛ մեծությամբ,
Այլ նշանի՛ ահագնությամբ, որ հանճարներ է սերում:
Եղիշե Չարենց
Այստեղ Մեծն Չարենցը խոսում է այն մասին, որ մեծ ու լուրջ նպատակներն ու դրանց հետ կապված մեծ գործերն են ծնում մեծ մարդկանց ու մեծ գործիչներին։
Եթե ուզում ես ստուգել կամ կարծիք կազմել մարդկանց ու հանրության որակի մասին, կարող ես սկսել նրանց հետապնդած նպատակների մեծությունից ու քաղաքակրթական լրջությունից։
Իսկ լուրջ մակարդակով մեծ նպատակներ հետապնդելը մեծ մասամբ նպատակահարմար է պլանավորել ու իրականացնել պետական հովանու ներքո։
Պատմականորեն պետական գործունեությունից զրկվելով, մեր մարդիկ աստճանաբար մոռացել են մեծ գործերով ապրելու հպարտությունն ու հաճույքը և վերածվել են մանր ու «խուրդա» նպատակներ հետապնդող էգոիստների։
Քանի որ մեծ նպատակներին մարդիկ կարող են հասնել միմիայն լավ մտածված համագործակցության միջոցով, ապա մեծ ու լուրջ նպատակների բացակայությունը բերել է նաև համագործակցության բացակայության, որն էլ կործանարար ազդեցություն է ունեցել մեր հոգեբանության վրա։
Մարդկանց համագործակցության հիմքը ընդհանուր շահ հետապնդելն է, և եթե չկա համագործակցություն, ուրեմն վերանում է նաև ուրիշի շահը սեփականը համարելու հոգեբանական դրվածքը։
Իսկ պետություն կարող են կառուցել միայն այնպիսի մարդիկ, որոնք ուրիշի և հասարակության շահը իրենցն են համարում։
Հենց նման մարդկանց դեֆիցիտի պատճառով է մեր պետականությունը կաղում այսօր երկու ոտքից։
Եթե դրա վրա էլ պատմական իներցիայով ավելանում է նաև այն, որ պետությունն ուրիշինն է, և ինչքան գողացար, դա է քոնը, ունենում ենք այն, ինչ ունենք այսօր։
Պավել Բարսեղյան